
Պողոս Նուբար Փաշան պարզապես հանճարեղ քաղաքական ռազմավար չէր դասական իմաստով, սակայն խորապես ըմբռնել էր մի հիմնարար ճշմարտություն․ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայերը պարզապես փախստականների զանգված չէին, այլ՝ քաղաքական իրավունքներ ունեցող ժողովուրդ։ Այդ գիտակցումով նա գլխավորեց Հայկական ազգային պատվիրակությունը՝ իր առջև դնելով մեկ կարևոր նպատակ՝ հայկական պետականության վերականգնումը և միջազգային ճանաչումը։
Հայկական հարցը միջազգային հարթակներում առաջ մղելու գործընթացում առանցքային էր այն գաղափարը, որ նույնիսկ պետականություն չունեցող ժողովուրդը կարող է և պետք է հանդես գա որպես քաղաքական սուբյեկտ։ Ցեղասպանությունից հետո միլիոնավոր հայեր ցրված էին աշխարհով մեկ, սակայն դա չէր նշանակում, որ հայ ժողովուրդը կորցրել է իր իրավական կամ քաղաքական ինքնությունը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը իր մասնակցությունն ունեցավ դաշնակիցների ռազմական ջանքերին։ 1916 թվականին հնչեց կոչ՝ ձևավորելու հայկական լեգիոն ֆրանսիական հրամանատարության ներքո։ Այսպես ստեղծվեց Արևելյան լեգիոնը (հետագայում՝ Հայկական լեգիոն), որը հաշվեց ավելի քան 5000 կամավոր։ Հայերը մասնակցեցին Պաղեստինի, Սիրիայի և Կիլիկիայի ազատագրմանը։ Ընդհանուր առմամբ շուրջ 50․000 հայեր ծառայեցին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի բանակներում՝ վճարելով իրենց բաժին գինը համաշխարհային պատերազմի ընթացքում։
1920 թվականը դարձավ վճռորոշ հայկական պետականության իրավական ճանաչման գործընթացում։ Այդ տարի Գերագույն խորհուրդը ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո, իսկ 1920 թ. մայիսի 3-ին այն ճանաչվեց նաև ԱՄՆ-ի կողմից։ Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որով Օսմանյան կայսրությունը ընդունեց անկախ Հայաստանի գոյությունը։ Իսկ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հրապարակեց իր իրավարար վճիռը՝ սահմանելով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները։
Այս բոլոր իրավական ակտերը միասին կազմում են ոչ միայն պատմական փաստերի շղթա, այլ նաև ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական գործընթացի հիմքը։ Հայաստանը, անգամ մինչև լիարժեք միջազգային ճանաչումը, ուներ կառավարություն և միջազգային իրավունքի սուբյեկտի հատկանիշներ, ինչը թույլ տվեց պահպանել ազգի քաղաքական գոյությունը։
Պետք է զգոն լինել պատմության և մեր իրավունքների «խաղաղեցման» փորձերի հանդեպ։ Ոչ մի հետագա համաձայնագիր չի կարող իրավաբանորեն չեղարկել Սևրի դաշնագիրը , որը վավերացվել է Օսմանյան սուլթանի կողմից և շարունակում է գոյություն ունենալ միջազգային իրավունքի շրջանակում։
Պետության շարունակականության սկզբունքը հստակ է․ պետությունը չի վերանում միայն այն պատճառով, որ գտնվում է օկուպացիայի տակ։ Ազգի իրավական և քաղաքական անձնավորությունը կարող է պահպանվել նույնիսկ ամենածանր պայմաններում։ Սա է այն կարևոր ժառանգությունը, որը պարտավոր ենք փոխանցել երիտասարդ սերունդներին՝ որպես գիտելիք, իրավունք և պատասխանատվություն։
