Հայրենիքը մեր մեջ է ապրում 

  • by Editbeglari, 20 Ապրիլի, 2026 in Լուրեր
112 դիտում

«Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց,

Բայց ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ

Մենք չենք դատարկվել մեր հայրենիքից։

Մենք սպանվեցինք մեր հայրենիքում,

Բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց…»

— Պարույր Սևակ

Երբ Պարույր Սևակը իր խորիմաստ տողերը գրի էր առնում «Անլռելի զանգակատուն» պոեմում, Երևանում դեռևս չկար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, և գուցե բաց քննարկումներ էլ չկային ցեղասպանության մասին։ Սակայն Սևակը ցույց տվեց, որ պայքարի տարբեր ուղիներ գոյություն ունեն, և դրանցից ամենահզորը ճշմարտությանն ուղղված խոսքն է։ Իր խոսքով նա կոտրեց լռության պատնեշը և ճանապարհ հարթեց, որպեսզի խորհրդայնացված հայրենիքի տարածքում հնչի ցեղասպանության հիշատակը և ոգեկոչվեն զոհերը։

Պարույր Սևակը նախ շեշտադրում է կարևոր մի իրողություն՝ հայրենազրկությունը․ «Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց», «Մենք սպանվեցինք մեր հայրենիքում»։ Այս տողերով նա ընդգծում է, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել հենց մեր բազմադարյա հայրենիքի մեջ։ Սակայն անմիջապես հաջորդում է հզոր հակադրությունը․ «Բայց ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ մենք չենք դատարկվել մեր հայրենիքից», «բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց…»։ Եթե հակառակը լիներ՝ եթե մենք հոգով ու մտքով կտրված լինեինք հայրենիքից, ապա միայն այդ դեպքում ցեղասպանությունը կհասներ իր վերջնական նպատակին։

Ցավոք, պատմությունը ցույց է տալիս, որ ցեղասպանական մտածողությունը չի վերացել։ Նույնը տեսանք նաև 2023 թվականին, երբ Արցախը դատարկվեց իր բնիկ հայ բնակչությունից։ Ապրիլի 24-ը մենք նշում ենք որպես հիշատակի և ոգեկոչման օր, սակայն չունենք հստակ մի օր, որը կսահմանի այդ ողբերգության ավարտը։ Այն չի կարող լինել, քանի դեռ չկա ճշմարտության ընդունում, զղջում և ապաշխարություն։

Միտքը հաճախ ավելի զորավոր է, քան գործողությունը։ Կարելի է գործարքներ կնքել, պայմանագրեր ստորագրել, սակայն եթե դրանց հիմքում ընկած մտածողությունը չի փոխվում, վտանգը մնում է։ Ցեղասպանական միտքը, երբ չի արժանանում դատապարտման, ոչ թե թուլանում է, այլ՝ հակառակը, կարող է նորից ուժեղանալ։

Այդ իսկ պատճառով մեր պարտականությունն է մնալ ճշմարտության կողմում։ Պետք է ուժեղացնել լույսը, վառ պահել հիշողության կանթեղները, որպեսզի ճշմարտությունը տեսանելի դառնա և չկորչի։ Մոռացությունը, զիջումները և ճշմարտությունից հեռանալը միայն նոր վտանգների են հանգեցնում։

Եթե հայրենիքը «սպանվի» մեր մեջ, ապա մենք կկորցնենք նաև լույսն ու հույսը։ Իսկ առանց լույսի չկա ապագա։ Պարույր Սևակը, սակայն, մեզ հիշեցնում է հակառակը՝ հայրենիքը ապրում է մեր մեջ, և նույնիսկ «ապրում է կրկնակի կյանքով»։

Մեր առաքելությունն է կառուցել արդարություն՝ ճշմարտության և սիրո հիմքերի վրա։ Եվ քանի դեռ մենք պահպանում ենք այդ արժեքները, կարող ենք վստահ ասել՝ մենք չենք դատարկվել մեր հայրենիքից։

Մենք ենք մեր հայրենիքի տերը։

Մասիս Ինճիճեան

Ապրիլի 17, 2026